ՀԾ-Վաճառքների Կառավարում 6
Նկարագրություն
ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգը նախատեսված է առևտրային կազմակերպությունների կողմից ապրանքների պատվերների հավաքագրման և առաքման գործընթացի արդյունավետ կազմակերպման և կառավարման ավտոմատացման համար:
Համակարգը մեծացնում է կազմակերպության գործընթացների վերահսկելիությունը և հնարավորություն է տալիս վերլուծական տվյալների հիման վրա կայացնել խելացի որոշումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն վաճառքների ծավալի, շահույթի աճի և դրամական հոսքերի բարելավման վրա:

ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի ֆունկցիոնալ կառուցվածքը

Գրասենյակային մաս

  • Տեղեկատուների ձևավորում
    Աշխատանքային գործընթացը համակարգում կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել առևտրային գործակալների, խանութների, ապրանքների և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատուները: Որպես առևտրային գործակալ նկարագրվում են այն աշխատակիցները, ովքեր իրականացնում են պատվերների ընդունում, վաճառքների, վճարումների և վերադարձերի գրանցում Android օպերացիոն համակարգով աշխատող շարժական սարքերի միջոցով: Ապրանքների վերաբերյալ ձևավորվում է քարտարան, որտեղ նշվում են իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, օրինակ՝ ապրանքը ԱԱՀ-ից ազատված է, նոր տեսականի է, տարա է: Ապրանքացանկին հնարավոր է կցել նկարներ, ինչը առևտրային գործակալներին թույլ կտա ներկայացնել ապրանքները վիրտուալ կատալոգի օգնությամբ: Ելնելով խանութների աշխարհագրական տեղադրվածությունից կամ իրացվող ապրանքների տեսականուց՝ վաճառքի գործընթացը հնարավոր է կազմակերպել ըստ վաճառքի գոտիների:
  • Երթուղիներ
    Գրասենյակային մասում հնարավոր է յուրաքանչյուր առևտրային գործակալի կամ վաճառքի գոտու համար ստեղծել երթուղիներ, ընդ որում` յուրաքանչյուր առևտրային գործակալի համար ըստ շաբաթվա օրերի, շաբաթների պարբերականության կարող են նկարագրվել տիպային երթուղիներ: Համակարգի շարժական մասից ստացվող փաստացի երթուղիների մասին տվյալները նախատեսվածի հետ համեմատելով` հնարավոր է դառնում լավագույնս պլանավորել և վերահսկել գործակալների աշխատանքը:
  • Գնային քաղաքականություն
    Համակարգն ունի գնացուցակների նկարագրման ճկուն հնարավորություններ: Ստեղծվում են գնացուցակներ ըստ ապրանքների և խանութների, սահմանվում են կազմակերպությունում գործող զեղչային սխեմաները:
  • Ապրանքների հաշվառում
    Առաքման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է տիրապետել ապրանքների առկայության, մուտքի/ելքի մասին ամբողջական ինֆորմացիային: Ապրանքների առկայության վերաբերյալ ձևավորվող տեղեկատվությունը թույլ է տալիս պատվերների գրանցման գործընթացում հաշվի առնել տվյալ ապրանքի ընթացիկ առկայությունը: Տրամադրված ապրանքները շարժական մասում երևում են որպես մեքենայում առկայություն: Հաշվետվությունները ներկայացնում են ապրանքների մնացորդները, գործողությունները և շրջանառությունը` թույլ տալով կատարել համապատասխան վերլուծություններ:
  • Վաճառքներ
    Համակարգը թույլ է տալիս կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացի ամբողջ ցիկլը` սկսած պատվերների ընդունումից, վաճառքների, վերադարձերի գրանցումից մինչև խանութների կատարած վճարումների հաշվառումը:
    Բազմաբնույթ հաշվետվությունները` խանութների մնացորդների վիճակի մասին, ըստ ապրանքների, գործակալների, խանութների կամայական ժամանակահատվածներում կատարված վաճառքների համեմատական հաշվետվությունը, ըստ առաքիչների, ի պահ հանձնված ապրանքների, ինչպես նաև խանութների և ապրանքների վերաբերյալ այլ հաշվետվությունները հնարավորություն են տալիս իրականացնել բազմակողմանի վերլուծություն:
  • Տվյալների ընդունում
    Շարժական սարքերից տվյալների առցանց փոխանցումը հնարավորություն է տալիս գրասենյակում ցանկացած պահի տիրապետել և մշակել գրանցված պատվերների, վաճառքների, վճարումների և վերադարձերի վերաբերյալ տվյալները:

Շարժական մաս

  • Տեղեկատուներ
    Տեղեկատուների տվյալները ստացվում են համակարգի գրասենյակային մասից և շարժական սարքերի վրա ենթակա չեն խմբագրման: Ընդ որում` յուրաքանչյուր գործակալի համար սահմանվում է իրեն հասանելի տվյալների շրջանակը:
  • Երթուղիներ
    Յուրաքանչյուր առևտրային գործակալ հնարավորություն ունի իրականացնել աշխատանքը իր համար ձևավորված նախատեսվող երթուղիների օգնությամբ: Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) միջոցով ֆիքսվում է խանութների աշխարհագրական դիրքը` ընձեռելով երթուղին քարտեզի վրա դիտելու հնարավորություն:
  • Պատվերներ
    Պատվերներ գրանցելիս առևտրային գործակալը կարող է տեսնել իր համար նախընտրելի ապրանքատեսականին, ինչը թույլ է տալիս հեշտացնել աշխատանքային գործընթացը: Պատվեր գրանցելիս հնարավոր է նշել նաև պատվիրված ապրանքների առաքման ամսաթիվը, վճարման տեսակը (կանխիկ կամ անկանխիկ) և տվյալ խանութի այցի արդյունքը (օրինակ` պատվիրվել է, փակ էր, պատվեր չկար և այլն):
  • Վաճառքներ
    Առաքիչները վաճառքների գրանցման ժամանակ հնարավորություն ունեն դիտելու ապրանքների առկայությունը մեքենայում: Եթե վաճառվող ապրանքը տարայով է, փաստաթուղթը գրանցելիս տեղի է ունենում նաև տարայի ավտոմատ դուրսգրում: Փաստաթուղթը թույլ է տալիս գրանցել նաև ի պահ հանձնված ապրանքների մասին տվյալները: Ընտրված յուրաքանչյուր ապրանքի համար առկա է զեղչի տոկոսի խմբագրման և վաճառքի գրանցումից հետո պատվիրված քանակի խմբագրման հնարավորություն:
  • Վճարումներ
    Վճարում ընդունելիս, եթե տվյալ խանութը ունի պարտք, հնարավոր է մարել առկա պարտքերից ցանկացածը: Եթե վճարման գումարը գերազանցում է պարտքի գումարը, տարբերությունը գրանցվում է որպես կանխավճար:
  • Վերադարձեր
    Հնարավոր է գրանցել նաև խանութների կողմից ապրանքների վերադարձը` ի պահ տրամադրված ապրանքները ներառյալ:
  • Գույքագրումներ
    Խանութում առկա մատակարարի ապրանքները հնարավոր է գույքագրել` օգտագործելով շտրիխ կոդի սկանավորումը: Մրցակիցների ապրանքատեսականու վերաբերյալ տեղեկատվության մուտքագրումն էլ թույլ կտա վերլուծություն իրականացնել ապրանքների շուկայական առաջխաղացման համար:
  • Հաշվետվություններ
    Տարատեսակ հաշվետվությունները` խանութների պարտքերի, պատվիրված, վաճառված, վերադարձված, ի պահ հանձնված ապրանքների, մեքենայում ապրանքների առկայության վերաբերյալ առևտրային գործակալների համար ապահովում են աշխատանքի համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև թույլ են տալիս խորությամբ վերլուծել կատարված աշխատանքը:
  • Տվյալներ
    Գրասենյակային մասի հետ տվյալների առցանց փոխանակումը վաճառքի գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովում է անհրաժեշտ տվյալների արագ հասանելիությամբ: Հնարավոր է նաև իրականացնել տվյալների ավտոմատ ուղարկում գրասենյակ:

ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի հնարավորությունները

Վերահսկողության հնարավորություն

Յուրաքանչյուր առևտրային գործակալի և գրասենյակային աշխատակցի համար հնարավոր է սահմանել առանձին իրավասություններ: Օգտագործողներն ունեն մուտքի իրավասություն միայն անհրաժեշտ տվյալներին: Համակարգում գրանցվում և հիշվում է փաստաթղթերի հետ աշխատանքի ամբողջ պատմությունը, ինչը վերահսկելի է դարձնում օգտագործողների աշխատանքը: Հնարավոր է իրականացնել նաև գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով:

Հաշվետվություններ և Վերլուծություններ

ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգում առկա են բազմաթիվ ստանդարտ հաշվետվություններ: Բացի դրանից համակարգը թույլ է տալիս բազմաթիվ OLAP բանաձևերի միջոցով ստանալ տարաբնույթ վերլուծական հաշվետվություններ Excel միջավայրում: Օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվությունների միջոցով հնարավոր է ձևափոխել համակարգի ստանդարտ հաշվետվությունները, նկարագրել յուրահատուկ հաշվետվություններ, ինչպես նաև համակցել դրանք MS Excel ծրագրի հետ:

Տվյալների առցանց փոխանակում

Համակարգի գրասենյակային և շարժական մասերի միջև տվյալների առցանց փոխանակման շնորհիվ մատակարարման շղթայի յուրաքանչյուր մասնակից մշտապես տիրապետում է իրեն անհրաժեշտ տվյալների վերջին վիճակին:

Համակցում էլ. հարկային հաշիվների և ՀԾ հաշվապահական համակարգերի հետ

ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների eInvoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում: Համակարգը կարող է համակցվել նաև ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ 6 և ՀԾ-Առևտուր 6 համակարգերի հետ, ինչը ապահովում է աշխատանքի մեծ հարմարավետություն, աշխատաժամանակի տնտեսում, սխալների բացառում:

Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ

Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր, ինչպես նաև առկա է յուրահատուկ տպվող տեսքեր նկարագրելու հնարավորություն:

Բեռնել
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Վաճառքների Կառավարում 6 համակարգի պատվիրատուներ
Android app on Google Play